Հայաստանի վարչապետն այս տարի կայցելի Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է News.am-ը:
Նախարարի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա առաջին երկկողմ այցելությունն է։ Նախարարը եկել է Նիդեռլանդների դեսպանության բացմանն ու այս տարի Հայաստանի վարչապետի՝ Նիդեռլանդներ այցելությանն ընդառաջ։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները և համագործակցությունը նոր փուլ են թևակոխել Հայաստանում դեմոկրատական փոփոխություններից հետո, նշել է Զոհրաբ Մնացականյանը։ «Սա աննախադեպ իրադարձություն է, երբ օրենսդրական մարմինը որոշում է դիմել կառավարությանը՝ դեսպանություն բացելու առաջարկով։ Սա նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ակտիվորեն զարգանում են առևտրային հարաբերությունները, աճում է ապրանքաշրջանառությունը, 23 տոկոսով ավելացել է զբոսաշրջային հոսքը Նիդեռլանդներից։
Ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների խորացմանը, ավելացրել է արտաքին գործերի նախարարը։