Վենետիկում գտնվող «Ֆլորիան» բար-սրճարանը, որն ամենահինն Է համարվում Եվրոպայում, պատրաստվում Է նշել 300-ամյա հոբելյանը: Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող այս հաստատությունը բացվել Է 1720 թվականի դեկտեմբերի 29-ին՝ դեռ Վենետիկի սրբազան հանրապետության գոյության օրոք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը գտնվում Է Հռոմում: Դա նշանավոր «Կաֆե Գրեկո»-ն Է, որը բացվել Է 1760 թվականին (Իտալիայի միավորված թագավորության կազմավորումից գրեթե մեկ դար առաջ)՝ հույն վտարանդու կողմից: Նշվում Է, որ այդ հաստատություն սիրում Էր այցելել Հռոմում մի քանի տարի ապրած Նիկոլայ Գոգոլը (1809-1852 թթ.): Պատմական սրճարաններ են նաև «Կուադրի»-ն, որը բացվել Է 1775 թվականին, և «Լևանա»-ն, որը գտնվում Է Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց. այն բացել են 1750 թվականին: Դրանք այսօր Էլ աշխատում են: Վենետիկյան սրճարաններն ամենահինն են ներկայում գործողներից: Իսկ առաջին սրճարանները Եվրոպայում սկսել են հայտնվել դեռ 17-րդ դարի վերջին՝ սկզբում Վիեննայում և Փարիզում, իսկ այնուհետև՝ Վենետիկում: Դա կապված Է Հին աշխարհում սուրճի հայտնվելու հետ: Համարվում Է, որ սուրճը բերել են Օսմանյան կայսրության զինվորները, որոնք 1683 թվականին երկու ամիս պաշարել Էին Վիեննան: Ենթադրվում Է, որ ամենաառաջին սրճարանը Վիեննայում բացվել Է 1685 թվականին: