ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կասկածանքով է վերաբերում ԱՄՆ-Չինաստան առևտրային առաջին համաձայնագրի հաջողությանը
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կնքված առևտրային համաձայնագրի առաջի փուլը չի լուծում երկու երկրների տնտեսությունների հիմնական խնդիրները: Այս մասին Դավոսի համաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք մեծ ճեղքվածքի վտանգի առաջ կանգնեցինք: Ունենք աշխարհի երկու խոշոր տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրն աշխարհի այլ տնտեսությունների նկատմամբ շատ մեծ է: Եվ այս երկու տնտեսությունները միմյանց վերաբերվեցին այնպես, որ հանգեցրեցին առևտրային կոնֆլիկտի»,- ասել է Գուտերեշը՝ ենթադրելով, որ առաջին համաձայնության կնքմամբ կոնֆլիկտն անկում է ապրում:
«Սակայն եկեք անկեղծ լինենք: Այս առաջին համաձայնությունը չի լուծում անգամ որոշ առանցքային խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն»,- նշել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը: