ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, ավելի հնչելի և տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ»։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործող իշխանությունները պահպանում են նախկինների կողմից որդեգրած դիրքորոշումը՝ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Այս մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ընդգծվում է, որ հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենում Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Ուստի, այստեղ հնարավոր չէ ասել, որ դիրքորոշման կոշտացում է եղել կամ այս հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումն ավելի տեսանելի է դարձնում Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու մասին հայտարարությունների շեշտադրումներին, ապա այստեղ ևս պետք է նկատել, որ նորություն չկա. Թուրքիայի կողմից Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի շրջափակումը մշտապես բարձրաձայնվել է այդ թվում նաև նախկին իշխանությունների կողմից: Ընդ որում, նախկինում մշտապես օգտագործվել են միջազգային բարձր ամբիոնները աշխարհին մեր դիրքորոշումն այս հարցում ներկայացնելու համար: Այնինչ 2018 թվականի սպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ տեսանելի և հնչելի չի դարձրել մեր անվտանգության համար Թուրքիայից բխող մարտահրավերները: Վարչապետն այդ մարտահրավերներին չի անդրադարձել նաև 2019 թվականի ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Երևի թե ԱԳ նախարարը պետք է հստակեցնի՝ Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, մեր արտաքին քաղաքականությունում ինչի՞ համեմատ է դարձել ավելի տեսանելի: