2019 թվականի դեկտեմբերին Բրատիսլավայում տեղի ունեցած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ նշել էին, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպել 2020 թվականի սկզբին: Ավելի ուշ այս հարցին անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, որ հանդիպումը կկայանա հունվարի 20-ին: Ինչպես տեսանք՝ հունվարի 20-ին հանդիպում տեղի չունեցավ: Ավելին՝ մինչ օրս չունենք կողմերի հայտարարություն՝ կոնկրետ օրը հանդիպելու մասին: Իհարկե, համանախագահների կողմից նշված ժամկետները, այն է՝ 2020-ի սկզբին, դեռ չեն սպառվել և վաղ է խոսել հանդիպման ձգձգման մասին, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ սպասվող հանդիպումը որոշակի տեղաշարժ արձանագրելու առումով աչքի ընկնող չի լինի:
Պատճառը կարծես շատ պարզ է՝ սպասվող ընտրություններն Ադրբեջանում, ապա նաև՝ Արցախում: Պաշտոնական Բաքուն ողջ ուշադրությունն այս օրերին կենտրոնացրել է իր ներսում տեղի ունեցող կարևոր գործընթացների ուղղությամբ, և առանձնապես նախաձեռնողականությամբ աչքի չի ընկնի այս շրջանում արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Փետրվարին Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններից հետո նույն գործիքակազմը, ամենայն հավանականությամբ, կկիրառի նաև պաշտոնական Երևանը (hիշեցնենք, որ Արցախում սպասվող ընտրությունները տեղի կունենան մարտի վերջ): Ուստի մինչև ապրիլ-մայիս ամիսները դժվար է էական տեղաշարժ ակնկալել բանակցություններում: Եվ պատահական չէ, որ նախարար Մնացականյանն էլ վերջերս, անդրադառնալով երկու երկրների առաջնորդների հանդիպմանը, նշել էր, որ դրա մասին դեռ վաղ է խոսել:
Ուստի մոտակա մի քանի ամիսների ընթացքում բանակցային գործընթացում կունենանք հանգիստ վիճակ, որը նորից հնարավորություն է մեզ համար՝ ավելի լավ պատրաստվելու անխուսափելի բովանդակային բանակցություններին: