ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Փաշինյանն անդրադարձավ հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:
Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է առկա բանակցությունների սեղանին:
«Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Ես առաջարկում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ ՀՀ որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան իր կառավարությունն է: