Թուրքիա-ԵՄ հարաբերությունների լարվածության ֆոնին հունվարի 24-ին Գերմանիայի Կանցլեր Անգլա Մերկելը ժամանեց Թուրքիա:
Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին Ստամբուլում նախ մասնակցել է թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությանը: Մերկելի խոսքով՝ թուրք-գերմանական համալսարանը «երկու երկրների համագործակցության բացառիկ օրինակ է հանդիսանում»: Էրդողանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ անձամբ ցանկանում է, որ «թուրք-գերմանական համալսարանը դառնա երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ ՝ ճանապարհ հարթելով Թուրքիա ժամանող օտարերկրացի գիտնականների համար»:
Թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողանի և Մերկելի երկկողմ հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա լարվածությունը, միգրանտների հարցը, Լիբիայում ու Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելու հետևանքով առաջացած ճգնաժամը:
Խոսելով Լիբիայում տիրող իրավիճակի մասին՝ Անգելա Մերկելը մասնավորապես նշել է, որ Լիբիայում պետք է կայուն հրադադար հաստատվի: Նրա խոսքով՝ Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի վերջին փաստաթուղթը քննարկման կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Լիբիայում Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարը նախադրյալներ ստեղծեց Բեռլինում միջազգային գագաթաժողով անցկացնելու համար: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Թուրքիան իր աջակցությունն է հայտնում լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջին և նրա բանակին՝ միևնույն ժամանակ քննադատեց Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի գործողությունները:
Մոտ 2,5 ժամ տևած ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահին հիշեցրեց, որ Անկարան պետք է բարելավի հարաբերությունները Հունաստանի և Կիպրոսի հետ, որպեսզի մեկնարկի ԵՄ-ի հետ մաքսային միության բանակցությունները: Հարցին, թե Գերմանիան կաջակցի՞ Թուրքիային ԵՄ նախագահությունը ստանձնելուց հետո, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Մեր երկու երկրներն էլ ցանկանում են, որ Մաքսային միության մասին բանակցություններն ավելի առաջ գնան: Բայց Հունաստանի և Կիպրոսի հետ կան տարաձայնություններ: Որպեսզի նման քայլ ձեռնարկվի, բոլորը պետք է համաձայն լինեն», - բացատրել է Մերկելը:
Անդրադառնալով սիրիացի փախստականների հարցին՝ Մերկելը չի բացառել Թուրքիային ԵՄ օգնության ընդլայնման հնարավորությունը: Բացի այդ, վերջինս հայտնել է, որ Գերմանիան մտադիր է օգնել Թուրքիային ուժեղացնել իր առափնյա պահպանությունը: Բեռլինը նաև կուսումնասիրի Սիրիայի հյուսիսային շրջաններում փախստականների համար ժամանակավոր կացարան կառուցելու թուրքական կողմի ծրագրերին ֆինանսապես աջակցելու հնարավորությունը: «Բեռլինը կաջակցի սիրիական Իդլիբում տների կառուցմանը ներքին տեղահանված անձանց համար, որոնք փախել են Ասադի ռեժիմի և նրա աջակիցների կողմից դեպի թուրքական սահման», - ասել է Մերկելը:
Նշենք, որ Անկարան ցանկանում է այնտեղ ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի` «սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից և ահաբեկչական խմբավորումների զինյալներից զերծ» և այդ տարածքում վերաբնակեցնել սիրիացի փախստականներին, ովքեր այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում: Բազմաթիվ գերմանացի վերլուծաբանների կարծիքով, Մերկելի՝ Թուրքիա կատարած այցն ավելի շատ պայմանավորված էր հենց փախստականների խնդրով: Դեռևս անցած տարի Էրդողանը սպառնացել էր բացել երկրի արևմտյան սահմանները սիրիացի փախստականների համար, եթե Արևմուտքը խոստացած օգնությունը չցուցաբերի Անկարային և եթե Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի չստեղծվի:
Նշենք, որ ըստ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի, Թուրքիան պետք է ԵՄ-ից ստանա 6 միլիարդ եվրո՝ իր տարածքում փախստականների տեղակայման համար: Այն պարագայում, երբ Էրդողանը պնդում էր, որ տրամադրվել է ընդամենը 3 միլիարդ եվրո, ըստ Եվրահանձնաժողովի հայտարարության, հատուկ հիմնադրամի միջոցով Թուրքիայում փախստականներին աջակցելու համար Եվրամիությունը 5,6 միլիարդ եվրո արդեն իսկ հատկացրել է Թուրքիայում փախստականներին աջակցելու համար:
Սակայն ինչպես երևում է Մերկելը պատրաստակամ է խոստացվածից ավել գումար տրամադրել՝ միգրանտների խնդիրը տեղում կարգավորելու համար: «Ես հավատում եմ, որ ԵՄ երկրները պատրաստ կլինեն ընդլայնել փախստականներին ցուցաբերվող օգնության չափը` ավելի մեծ քանակությամբ, քան խոստացված է եղել», - ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլերը: