ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լիբիայում հրադադարը, ինչպես նաև Սիրիայում բռնության դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Թրամփը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում օտարերկրյա միջամտության վերացման անհրաժեշտությունը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Առաջնորդները համաձայնվել են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:
«Նախագահ Թրամփը նաև ընդգծել է Թուրքիայի և Հունաստանի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում իրենց տարաձայնությունների կարգավորման կարևորությունը»,- հավելել է Դիրը: