«Ուզում եք, որ ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

18:49     28 հունվարի, 2020

Ուզում եմ նախ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչ օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող և անհրաժեշտ պահին  կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է News.am-ը:

«Մեր բանակը փառապանծ բանակ է, հաղթանակն բանակ է և անկախ նրանից, որ բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը:

Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա  շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլտրելի է:

Ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է միշտ վստահելի, մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղադրել է 7 շրջաններ հանձնելու մտադրություն ունենալու մեջ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Այսինքն դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»:

Այլ հարցերի նա չպատասխանեց և հեռացավ:


© armedia.am