Կարպիս Զաքարյան՝ հայազգի հայտնի բռնցքամարտիկ, Թուրքիայի և ողջ Մերձավոր Արևելքի բազմակի չեմպիոն, մարզիչ:
«Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը ծնվել է 1930թ.-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Սովորել է տեղի հայկական Էսայան վարժարանում: Հինգերորդ դասարանից ստիպված է եղել աշխատել (թերթ բաժանել)` ընտանիքին օգնելու համար։
Բռնցքամարտի նկատմամբ սերը նրա մեջ առաջացել է վաղ տարիքից: Սակայն ծնողները դեմ էին նրա՝ բռնցքամարտիկ դառնալու մտադրությանը: Այնուամենայնիվ, չնայած ծնողների առարկություններին, Կարպիսը 1944 թվականին՝ 14 տարեկանից սկսում է «Գալաթասարա» ակումբի բռնցքամարտի խմբակ հաճախել: Նրա տաղանդը մարզիչները սկսեցին նկատել հենց առաջին իսկ շաբաթների ընթացքում:
1947թ.-ին՝ 17 տարեկանում, Կարպիսը դարձավ Ստամբուլի չեմպիոն: Իսկ մեկ տարի անց հաղթանակ տարավ Թուրքիայի առաջնությունում:
1949թ.-ին Թուրքիայի ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Այս առաջնությանը Կարպիսը ջախջախիչ պարտության մատնեց իր իսպանացի հակառակորդին՝ այդպիսով հայտնվելով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում:
Այս հաղթանակից հետո Զաքարյանն առաջարկ ստացավ հանդես գալ պրոֆեսիոնալ ասպարեզում: Կարճ ժամանակ անց մարզիկը համաձայնվեց՝ այդպիսով դառնալով Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:
Կարպիսի հաջողություններով հնարավոր չէր չհպարտանալ: Նա ջախջախիչ պարտության էր մատնում աշխարհի բացարձակ չեմպիոնների: Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել է 226 հաղթանակ, ունեցել ընդամենը երկու պարտություն: Նա իր կարիերայի բարձրակետին հասավ 1964-ին, երբ ճանաչվեց ողջ Մերձավոր Արևելքի ուժեղագույն բռնցքամարտիկ:
Պրոֆեսիոնալ ռինգից Կարպիսը հեռացավ 1966 թվականին՝ 36 տարեկանում անցնելով մարզչի գործին: Լեգենդար բռցքամարտիկի մասին Թուրքիայում մի շարք ֆիլմեր են նկարահանվել: Ավելին, նրա սպորտային կարիերայի և անձնական կյանքի մասին պոլսահայ գրող Արամ Քուրանը և թուրք գրող Էրդեն Աքթողուն գիրք են հրատարակել՝ Պոլսի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի աջակցությամբ: 2017-ին լույս է տեսել նաև «Որտե՞ղ ես, Կարո» գիրքը, որում հեղինակը՝ թուրք գրող Էմին Թեմելը, պատմում է Կարպիսի և նրա կնոջ՝ իտալուհի Պերսինիայի սիրո մասին:
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մահացել է 2020 թվականի հունվարի 26-ին՝ 90 տարեկան հասակում: