Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կառանձնացնեի սկզբունքային մի քանի հարց, որոնք մենք այսօր քննարկել ենք: Առաջինը, թե որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից ու վերազգային մարմնին՝ Կոլեգիային փոխանցել գործառույթները»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե ազգային կառավարությունները պահպանեն վետոյի իրավունքը, ապա դա թույլ կտա պահպանել ազգային ինքնիշխանությունը, սակայն, եթե ցանկություն կա միությունը խորացնելու, ապա կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին:
Սարգսյանը նշել է, որ եթե ազգային կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը: