Այսօրվանից Մեծ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիության անդամ չէ: Արդեն իջեցվել են Միացյալ Թագավորության դրոշները եվրոպական կառույցների պաշտոնական գրասենյակների շենքերից: Չորս տարի տևած երկար գործընթացը հասնում է իր վերջնակետին: Ի՞նչ պայմաններով է տեղի ունենում ապահարզանը, և ի՞նչ կփոխվի:
Եվրախորհրդարանում արդեն իսկ հրաժեշտ են տվել բրիտանացի պատգամավորներին: Այսուհետ Եվրախորհրդարանը կազմված կլինի ոչ թե 751, այլ 705 պատգամավորից: Բրիտանացի պատգամավորների հեռանալը փոխում է նաև քաղաքական ուժերի հարաբերակցությունը, հատկապես ամրապնդվում են Եվրապական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիրքերը, որի կազմում բրիտանացիներ չկային: Զգալիորեն փոքրանում է եվրահոռետեսների քանակը:
Մինչև դեկտեմբերի 31-ն անցումային շրջան է սահմանվել, որն, ի դեպ, չի կարող երկարաձգվել: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիան կշարունակի դե-ֆակտո ԵՄ անդամ լինել, սակայն չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պիտի բանակցություններ վարեն առևտրային համաձայնագրի շուրջ:
Եվրամիությունը տրամադրված է սերտ համագործակցություն պահպանել Լոնդոնի հետ, սակայն հարաբերություններն էլ առաջվանը չեն լինի: «Մենք հնարավորինս լավ հարաբերություններ կպահպանենք Մեծ Բրիտանիայի հետ, սակայն դրանք այնքան սերտ չեն լինի, ինչպես ԵՄ-ին անդամակցության ժամանակ էր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը:
Բանակցությունները խոստանում են բավական բարդ լինել, քանի որ Մեծ Բրիտանիան իր տնտեսական քաղաքականությամբ ձգտելու է մրցակցել Եվրամիության հետ: Բրյուսելն, իր հերթին, չպետք է այնպիսի պայմաններ առաջարկի Լոնդոնին, որոնք գրավիչ կլինեն նաև ԵՄ մյուս անդամների համար և կմեծացնեն Բրիտանիայի օրինակին հետևելու ձգտումը:
Ի՞նչ պայմաններով հաջողվեց կնքել BREXIT-ի համաձայնագիրը.
Ըստ էության, այսօր պատմության նոր էջ է սկսվում Եվրամիության կյանքում, որը շատերի կողմից ընկալվում է որպես կոնսոլիդացիայի դրդող մարտահրավեր: Իսկ Մեծ Բրիտանիայի հետ դեռ երկար բանակցությունների գործընթաց է սպասվում. այս պահին անորոշություններն ու բաց մնացած հարցերն ավելի շատ են, քան լուծվածները: Բրիտանիայում BREXIT-ի հետ կապված հանրային տրամադրությունները շատ տարբեր են՝ ուրախությունից մինչև տխրություն:
Մոտ ապագայում նոր թափ կարող են ստանալ նաև Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում տիրող անջատողական տրամադրությունները: Շոտլանդիայի վարչապետն արդեն իսկ հայտարարել է 2020 թ-ին անկախության նոր հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: