Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում հունվարի 31-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Սա նշանակում է, որ Հայաստանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց գրեթե երկու տարի անց ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ԵԱՏՄ-ում հասնել ընթացակարգային փոփոխությունների: Արդյունքում՝ արդեն երկու տարի է Հայաստանի վարչապետը, ով պետության ղեկավարն է, առաջին դեմքը, մասնակցում է ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև կառավարությունների ղեկավարների նիստին: Հայաստանի ղեկավարն իր դիրքով, փաստացի, հավասարեցվում է գործընկեր պետությունների երկրորդ դեմքերի հետ, ինչն իմիջային հարված է ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնապես Նիկոլ Փաշինյանի համար:
Այս հարցում համապատասխան ընթացակարգային փոփոխություններ իրականացնելն առանձնապես բարդ գործընթաց չէ և հնարավոր էր երկու տարվա ընթացքում: Նշենք, որ օրինակ, ԱՊՀ-ում, որտեղ, ի դեպ, ներկայացված են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները, կառավարությունների ղեկավարների խորհրդի աշխատանքներին Հայաստանը ներկայացված է փոխվարչապետի մակարդակով:
Ըստ Էության, ԵԱՏՄ-ում ընթացակարգերը չկարգավորելն անդամ երկրների կողմից վերաբերմունքի որոշակի ցուցիչ է Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ: Նման պայմաններում վարչապետի հայտարարությունները գործընկեր երկրների հետ փայլուն հարաբերությունների, ԵԱՏՄ-ում Հայաստանի կշռի մեծացման և ընդհանրապես «վիզը ծուռ» արտաքին քաղաքականությունից հրաժարվելու մասին որևէ կերպ համոզիչ չեն, քանի որ գործնականում ունենք միանգամայն այլ պատկեր: