Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ որպես մարզիչ գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա»-ն, թիմի հերթական խաղից հետո գովասանքի է արժանացրել մրցակցի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին:
«Ուժեղ տղա է: Իսկ ինչպես է առաջ գնում, ասես կենդանի լինի, շնորհավորում եմ նրան, նա բոլորից առաջ անցավ»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է TyC Sports-ը, հայտնում է Tert.am-ը:
Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս «Ուրական» թիմում, որն Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում «Խիմնասիայի» դեմ խաղացել է 1:1 հաշվով: Բալեկյանը դաշտում է եղել խաղի ողջ ընթացքում և աչքի է ընկել վստահ խաղով: Այս մրցաշրջանում նա երկու գոլի հեղինակ է դարձել:
23-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Բուենոս Այրեսում: Հայկական ծագում ունի մորական կողմից (Բալեկյան): 2018 թվականին նա ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը և արդեն 4 հանդիպում է անցկացրել ազգային ընտրանու կազմում: