Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 149-ի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Վանյի» պորտալին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ճապոնիայում գրանցվել է հիվանդության 20 դեպք, Թաիլանդում՝ 19, Սինգապուրում՝ 18, Հարավային Կորեայում՝ 15, Ավստրալիայում՝ 12, Գերմանիայում՝ 10, ԱՄՆ-ում՝ 9, Մալայզիայում՝ 8, Վիետնամում՝ 7, Ֆրանսիայում՝ 6, ԱՄԷ-ում՝ 5, Կանադայում՝ 4, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իտալիայում՝ վարակման երկուական դեպք: Ֆիլիպիններում հիվանդացել է 2 մարդ, որոնցից մեկը մահացել է, որը դարձել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը: Իսպանիայում, Կամբոջայում, Նեպալում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Շրի Լանկայում գրանցվել է թոքաբորբով հիվանդանալու մեկական դեպք:
Մեկ օր առաջ Չինաստանի պետական հետուստատեսությունը հայտնել էր արտասահմանում վարակման 147 դեպքի մասին, մինչ այդ խոսվում էր 124 վարակվածների մասին:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, որոնցից 2 296 մարդ ծանր վիճակում է: Մահվան դեպքերի թիվը հասել է 361-ի: