Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման նպատակով հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում, հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:
«Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցառումներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվեց հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում», - նշել է նա, հայտնում է Tert.am-ը:
Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվեց 7 հետիոտնային անցում: Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն ընդլայնվել են:
Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: