Հոնկոնգում երկրորդ օրն է շարունակվում է հարյուրավոր բժիշկների մասնակցությամբ գործադուլը՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են առողջապահության տեղական մարմինները:
Փետրվարի 3-ին գործադուլին մասնակցել է մոտավորապես 2,7 հազար մարդ: Որպես ակցիայի կազմակերպիչ է հանդես եկել բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը (Hospital Authority Employees Alliance): Նրա ակտիվիստներն զգուշանում են, որ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դպքում:
Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչև մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել է ավիաչվերթների թիվը չինական քաղաքների հետ:
Նախօրյակին Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել է Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև սահմանի բոլոր հսկիչ անցակետերը ժամանակավորապես փակելու մասին, բացի Shenzhen Bay և Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի անցակետերից: Փետրվարի 4-ին քաղաքում գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Խոսքը վերաբերվում է Հոնկոնգի 39-ամյա մի բնակչի, որը եղել է Ուհան քաղաքում: Ընդհանուր առմամբ Հոնկոնգում հաստատված է կորոնավիրուսով վարակման 15 դեպք: