Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կառավարությանը զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհու հարցով, որին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Եվգենի Բրագարը խորհուրդ էր տվել կոմունալ վճարումների համար վաճառել շանը: Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը` հղում կատարելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Կովալիվի հայտարարությանը:
Կովալիվը ներողություն է խնդրել պատգամավորի այդ կոպիտ արտահայտության համար և պատմել պետության ղեկավարի հանձնարարականի մասին:
«Դեռևս ուրբաթ օրը նախագահը կառավարությանը հանձնարարել է զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհի Լյուբովի կոնկրետ հարցով: Այսօր մենք տեղեկություն ստացանք ուղղակիորեն այդ տնային տնտեսության վճարումների, ընտանիքի` կոմունալ ծառայությունների և ստացված սուբսիդիաների մասին: Այսօր տրամադրած տեղեկատվության համաձայն` այս ընտանիքը ջեռուցման սեզոնից սկսած 3,5 հազար գրիվնայից մի փոքր ավելի դրամայնացված սուբսիդիա է ստացել, ինչը միջին հաշվով թույլ է տալիս կոմունալ ծառայությունների համար վճարել ամսական ոչ ավելի, քան 300-350 գրիվնա»,- նշել է Կովալիվը: