ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել հանրապետականների՝ փետրվարի 3-ին Այովայում տեղի ունեցած կուսակցական ժողովներում: Այս նահանգում Հանրապետական կուսակցության բաժանմունքը համապատասխան հաղորդագրությունը տեղադրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այովայի նահանգում Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ՝ ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը»,- նշվում է հաղորդագրությունում: Այովայից Թրամփի կուսակիցների ազգային համագումարին կգնա 40 պատվիրակ:
Այովայի Հանրապետական կուսակցության բաժանմունքի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ կուսակցության անդամների 97,15% -ը սատարել է Թրամփին:
Փետրվարի 3-ին իրենց ժողովներն են անցկացրել ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Այդ հանդիպումներում՝ այսպես կոչված կոկուսներում, ընտրում են այն պատվիրակներին, որոնք կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կպաշտպանեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում պլանավորված ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին: