ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Նատալյա Պոկլոնսկայան կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել Ղրիմ:
Պոկլոնսկայան այսպես է մեկնաբանել Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և շարունակում է հետևել Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակին:
«Տարօրինակ է, որ պարոն Էրդողանը Ղրիմը ռուսական չի ճանաչում: Ով ով, բայց նա պետք է հիշի, որ 1783 թվականին թերակղզին մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Ու եթե նա կասկածում է այն հարցի շուրջ, թե ումն է Ղրիմը, թող այցելի մեզ»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի փոխնախագահը:
«Քաջություն հավաքելով և գալով Ղրիմ` նա կտեսնի, որ մենք այստեղ Մորդորում չենք ապրում, մեզ ոչ ոք ինքնաձիգներով չի վախեցնում և չի սպառնում տանկերի տակ գցել: Մենք արդեն վաղուց է, ինչ Ռուսաստան ենք: Ավելի ճիշտ, երբեք չենք էլ դադարել Ռուսաստան լինել: Եվ ինչպե՞ս կարող է հարևանը դա չիմանալ»,- հավելել է Պոկլոնսկայան: