ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձում հաստատել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու և «Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը դադարեցնելու» ցանկությունը, հայնտում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դադարեցնենք Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը և մեր զորքերը տուն վերադարձնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Աֆղանստանում մեր զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը մեզ թույլ են տվել հասնել անհավանական առաջընթացի, և խաղաղ բանակցությունները շարունակվում են: Ես չեմ պատրաստվում Աֆղանստանում հարյուր հազարավոր մարդկանց սպանել, նրանցից շատերն անմեղ են: Դրանից բացի, մեր պարտականությունների մեջ չի մտնում ուրիշ երկրներում իրավապահ մարմինների դեր կատարելը: Նրանք աշխարհում լավագույն զինվորականներն են, նրանք ցանկանում են կա՛մ մարտնչել՝ հաղթելու համար, կա՛մ ընդհանրապես չպատերազմել»,- հավելել է Թրամփը:
ԱՄՆ-ն 2018 թվականի աշնանը խաղաղ բանակցություններ էր սկսել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով, ինչը թույլ կտար դուրս բերել Աֆղանստանից ամերիկյան զորքերը: Քաբուլի կառավարությունը դրանց չի մասնակցել: