Հայերի ցեղասպանություն է իրականացվել Բաքվում, Սումգաիթում ու Լեռնային Ղարաբաղում, և այն պետք է ճանաչել, որպեսզի նման բանը անպատիժ չշարունակվի։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ելույթ ունենալով «Մոռացված փախստականներ․ ի՞նչ է կատարվել Բաքվի հայերի հետ» համաժողովում, որը փետրվարի 5-ին անցկացվել է Եվրոպական խորհրդարանում, հայտնում է News.am-ը:։
Նա հիշեցրել է, որ Արցախ այցերի պատճառով ինքը տնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Բաքվի փախստականների պատմությունները։ Նրանց թվում եղել է 90-ականների սկզբին Ադրբեջանը լքած Աննա Աստվածատրյան-Տյուրքոտը։ Նրա խոսքերով՝ շատերն ունեն սարսափելի հիշողություններ այն մասին, թե ինչպես էին ստիպված փախչել և փրկվել։ «Շատերի ոգին կոտրվել էր, շատերի կյանքը ոչնչացվել էր՝ 350 000 մարդու կյանք, այնպիսին ինչպիսին ես եմ»,- նշել է նա։
Պատասխանելով ադրբեջանցի մասնակցի այն ակնարկին, թե նման հանդիպումները չեն նպաստում «խաղաղության կառուցմանը», Աննա Աստվածատրյանը նշել է, որ իր կյանքը փրկել է մի ադրբեջանուհի, որը նույնիսկ չէր հասկանում իրեն, քանի որ ռուսերեն չգիտեր։ «Խաղաղության կառուցման համար ամենակարևորը ճշմարտությունն է»,- ընդգծել է նա։
Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին հարթակ տրամադրելու համար, «որպեսզի արտահայտվի 1990թ․ Բաքուն ստիպողաբար լքած հայ փախստականների մասին մեր մտահոգությունը»։
«Այդ գազանությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունը, սպանությունը և մարդկանց ողջ-ողջ այրելը չպետք է անպատիժ մնան»,- հավելել է նա։
Համաժողովը կազմակերպվել էր Բրյուսելում «Հայ Դատի» գրասենյակի և ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից։