Միացյալ Նահանգների պատմության մեջ գործող նախագահին իշխանությունից հեռացնելու երրորդ փորձը ձախողվեց: Սենատն արդարացրեց երկրի նախագահին:
Դեմոկրատների սպասելիքները հօդս ցնդեցին: Այն փաստը, որ իմփիչմենտի գործընթացը, որը սկսվեց անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին, կարող էր ավարտվել ձախողմամբ, սպասելի էր նույնիսկ դեմոկրատների համար: Սակայն վերջիններս հույս ունեին, որ այդ իմփիչմենտը և առաջադրված մեղադրանքները, հիմք կհանդիսանան նախընտրական քարոզարշավի համար, կհարվածեն գործող նախագահի իմիջին և կթուլացնեն հանրապետականների դիրքերը:
Սակայն տեղի ունեցավ հակառակը: Թրամփին հաջողվեց կոնսոլիդացնել Հանրապետական կուսակցությունը և ամրապնդել իր դիրքերը 2020թ.-ի նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ: Ավելին, Gallup միջազգային գործակալության կողմից հրապարակված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ներկայումս Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է պատմական առավելագույնի: Նրան սատարում է ամերիկացիների 49% -ը, ինչը բավականին լավ արդյունք է դեմոկրատների անկում ապրող վարկանիշի ֆոնին:
Դրա մասին է վկայում ոչ միայն Թրամփի իմփիչմենտի ձախողումը, այլ նաև Ամերիկյան Այովա նահանգնում օրերս տեղի ունեցած դեմոկրատների ներկուսակցական ընտրությունները: Դեմոկրատական կուսակցության աջակիցները պետք է որոշեին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը, սակայն այդ գործընթացը պսակվեց սկանդալով: Նախքան պաշտոնական թվերի հրապարակումը, թեկնածուներն իրենք են սկսել հրապարակել քվեարկության իրենց սեփական հաշվարկները՝ տեխնիկական խնդիրներից ելնելով: Ավելին, այդ հաշվարկներից հետո պարզ է դարձել, որ ամենաքննարկվող թեկնածու Ջո Բայդենը, ով պետք է դառնար Թրամփի գլխավոր հակառակորդը, չորրորդ տեղն է զբաղեցրել: Սոցիալական ցանցերում անմիջապես սկսեցին քննարկել, թե ամերիկացիները ինչպես կարող են երկրի ղեկավարումը վստահել դեմոկրատներին, երբ նրանք նույնիսկ ի վիճակի չեն մեկ նահանգում ընտրությունների արդյունքները հաշվարկել:
Թրամփը, անկասկած, վերելքի փուլում է: Այն, որ ԱՄՆ նախագահը երկրորդ անգամ կվերընտրվի, ավելի իրատեսական է դառնում: