Հունվարի 31-ին Ալմաթիյում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է անդամ-երկրների՝ որոշ հարցերում վետոյի իրավունքից հրաժարվելու հարցը: Այդ մասին հայտարարել է Եվրասիական կոլեգիայի արդեն պաշտոնաթող նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ես կառանձնացնեի այսօր քննարկված մի քանի սկզբունքային հարցեր. առաջինը՝ թե ո՞ր հարցերում կարելի է հրաժարվել վետոյի իրավունքից և փոխանցել վերազգային գործառույթները վերազգային մարմնին՝ կոլեգիային»,- ասել է նա՝ հիմնավորելով. «Եթե մենք ցանկանում ենք խորացնել մեր միությունը, ակնհայտ է, և դրա հետ բոլորը համաձայն են, որ կան որոշակի գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին»:
Ակնկալվում է, որ հարցերի շրջանակի վերաբերյալ մասնակից երկրները պետք է համաձայնության գան մինչև հաջորդ միջկառավարական խորհրդի նիստը:
Նախաձեռնության հեղինակը Բելառուսն է: Այդ մասին դեռ 2019թ. մայիսին հայտարարել էր Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը: Նա նշել էր, որ վետոյի իրավունքը հինգ տարվա ընթացքում յոթ անգամ կիրառվել է, ինչը չի նպաստում առևտրային խոչընդոտների վերացմանը: «Գուցե հարկավոր է մի քանի ոլորտներ սահմանել, որտեղ վարչապետը չի կարողանա վետո կիրառել»,- ասել է նա:
Վետոյի իրավունքը երեք անգամ կիրառել է Ռուսաստանը, երկու անգամ՝ Բելառուսը, երկու անգամ՝ Ղազախստանը։ Բոլոր դեպքերում հարցերը առևտրային կարգավորումներին են վերաբերվել, դեմպինգային քաղաքականությանը:
Զուգահեռ Եվրասիական տնտեսական միությունում քայլեր են ձեռնարկվում՝ ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Աշխատանք է տարվում Միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման համար:
Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով վետոյի իրավունքից հրաժարման գործընթացը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է, որ այդ սահմանափակումը առաջարկվում է կիրառել բացառապես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում ընդունած որոշումներում, այն էլ` հակադեմպինգային քաղաքականության դեպքում։
Շատերը, նրա խոսքով, սա դիտարկում են որպես նախադեպ։ Բայց կառույցի հիմքում դրված է կոնսենսուսային որոշումը։ «Եթե առարկություն կա, ցանկացած պետություն ավելի բարձր մակարդակում կարող է կասեցնել այդ որոշումը», – ասել է Քոչարյանը։
ԱԳ փոխնախարարի արձագանքից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը դեմ չէ միջկառավարական խորհրդում որոշ հարցերում զիջել իր սուվերենությունը՝ որոշումների ընդունման իրավունքը փոխանցելով վերազգային կառույցին:
Տնտեսական ինտեգրացիոն միությունների համար ինտեգրացիայի խորացման տրամաբանության ներքո նման զարգացումը բնականոն և օրինաչափ է, սակայն կարևոր է համոզված լինել, որ պահպանվում են ազգային շահերը պաշտպանելու գործիքներն ու որոշումների կայացման ժամանակ հավասարապես հաշվի են առնվելու բոլոր անդամ երկրների շահերը՝ անկախ տնտեսության չափերից: