Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել պայքարը Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվե անցկացնելու համար:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից հեռանալու օրը Շոտլանդիայում ուղեկցվել է բողոքի ցույցերով: Շոտլանդական խորհրդարանի շենքի վրայից հրաժարվել են իջեցնել Եվրամիության դրոշը:
Հայտարարվել է սահմանադրական կոնվենցիայի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն բրիտանական խորհրդարանի պատգամավորները, Եվրախորհրդարանի նախկին անդամներն ու խորհրդականները: Նման մարմին ստեղծվել է 1999թ-ին շոտլանդական խորհրդարանի վերականգնումից առաջ:
Շոտլանդիայի վարչապետն արդեն իսկ պաշտոնական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ առաջարկելով նոր հանրաքվե անցկացնել 2020թ. երկրորդ կեսին: Սակայն Լոնդոնը մտադիր չէ համաձայնություն տալ՝ առնվազն մոտակա հինգ տարում՝ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում:
Շոտլանդիայի կառավարությունը, իր հերթին, մտադիր չէ միակողմանի կերպով՝ առանց Լոնդոնի համաձայնության, հանրաքվե անցկացնել: Չի բացառվում նաև, որ շոտլանդական կողմը կսպասի 2021թ-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնց ընթացքում անջատողական ուժերի շոշափելի հաջողությունը կուժեղացնի նրանց դիրքերը Լոնդոնի հետ բանակցություններում:
Հիշեցնենք, որ 2016թ-ի Brexit-ի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 62 տոկոսը դեմ է քվեարկել Եվրամիությունից հեռանալուն:
Բրյուսելը միշտ բավական զուսպ է եղել շոտլանդացիների նկրտումներին արձագանքելու հարցում: Սակայն անցյալ շաբաթ Եվրոպական Խորհրդի նախկին նախագահ, Եվորապական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ դրական է վերաբերվում Եվրամիության կազմում մնալու Շոտլանդիայի ձգտմանը: «Էմոցիոնալ առումով, ես չեմ կասկածում, որ բոլորը հիացած կլինեն՝ և՛ Բրյուսելում, և՛ ընդհանուր առմամբ Եվրոպայում»,- ասել է նա: Այնուհետև նա հավելել է, որ հարգանքով է վերաբերվում Մեծ Բրիտանիայի ներքին բանավեճերին և չի պատրաստվում միջամտել:
Շոտլանդիայի անկախացման, նոր հանրաքվեի անցկացման հարցը դեռ երկար կլինի օրակարգում և մաս կկազմի Brexit-ի հետևանքների հետ կապված ներբրիտանական քննարկումների: Զուգահեռ, շատ են մտահոգությունները նաև կապված Հյուսիսային Իռլանդիայի հետ, որտեղ անջատողական տրամադրությունների աճը կամ նվազումը կապված կլինի Եվրամիության հետ կնքվելիք առևտրային պայմանագրից, որը կլուծի Իռլանդիայի Հանրապետության հետ սահմանի հարցը: