Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ Մոսկվան ու Մինսկը պայմանավորվել են 2020 թվականի գազի և նավթի մատակարարման շուրջ, հաղորդում է vesti.ru-ն:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Բելառուսը Ռուսաստանից նավթ և գազ կստանա 2019 թվականի պայմաններով:
Բացի այդ, Մինսկին նավթի մատակարարումն իրականացվելու է նույն առևտրային հիմունքներով, քանի որ երկրներն ունեն ընդհանուր շուկա. խնդիրը միայն հակասությունները վերացնելն է:
2019-ին Մոսկվան Մինսկին գազ էր մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 127 դոլարով: Հատկանշական է, որ այդ գինը երկարաձգվել է միայն 2020 թվականի առաջին երկու ամիսների համար:
Դմիտրի Կոզակի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը կաջակցի բելառուս սպառողների և Ռուսաստանում նավթարտադրողների միջև համաձայնագրերի ձեռքբերմանը: Նա նաև նշել է, որ Մոսկվան այսօր չի կարող կտրուկ փոխել նավթային արդյունաբերությունը կարգավորելու պայմանները, քանի որ նավթի գները սահմանվում են շուկայի կողմից և վարչական մեխանիզմներով չեն կարգավորվում: