Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարություն է արել՝ կապված Ժամբիլսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս մասին հաղորդում են ղազախական լրատվամիջոցները:
«Այս գիշեր Ժամբիլսկի շրջանի Կորդայսկի բնակավայրում բախումներ և խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների միջև: Այդ իրավիճակից փորձել են օգտվել սադրիչները: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին և մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Այժմ իրավիճակը վերահսկում են ոստիկանությունը և Ազգային գվարդիան: Տոկաևը իրավապահներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ միջադեպի հետևանքները վերացնելու համար:
Ավելի վաղ երկրի ՆԳ նախարար Եռլան Տուրգումբաևը հայտնել է, որ Մասանչի գյուղի մոտակայքում մոտ 70 ագրեսիվ տրամադրված բնակիչներ են հավաքվել, որոնց միջև խմբակային ծեծկռտուք է սկսվել:
«Զանգվածային անկարգությունների ընթացքում մի քանի տասնյակ մարդ հրազենային վիրավորում և մարմնական վնասվածքներ է ստացել: Ցավոք, 8 մարդ է զոհվել»,- հայտնել է նախարարը: