Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման իր պլանը, որն հայտնի դարձավ «դարի գործարք» անունով: Մերձավորարևելյան կարգավորման իր պլանի մասին Թրամփը խոսել էր և ավելի վաղ՝ դրա տնտեսական բաղադրիչին անդրադառնալով 2019-ի հունիսին: Հետաքրքրական է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման այս նախագիծը ԱՄՆ նախագահը հրապարակեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին, ինչն արդեն հիմնավորում է այն կասկածները, որ նման փաստաթուղթը չի կարող անաչառ և երկու կողմերը շահերը համասարաչափ հաշվի առնող պլան հանդիսանալ:
Չնայած եղած ներքին հակասություններին՝ «դարի գործարքի» նկատմամբ միասնական դիրքորոշում արտահայտեցին արաբական աշխարհը համախմբող միջազգային կազմակերպությունները: Եվ այսպես, Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ հրավիրեց, որի արդյունքում հայտարարեց՝ իրենք մերժում են ԱՄՆ-ի կողմից առաջարկվող «դարի գործարքը». այն անարդար է, հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ բանաձևերին և հաշվի չի առնում Պաղեստինի շահերը: Ավելին, կազմակերպությունը կոչով դիմեց նաև աշխարհին՝ խնդրելով հակադրվել այս նախագիծը կյանքի կոչելու Իսրայելի ջանքերին:
Մերձավորարևելյան կարգավորման ամերիկյան պլանի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտեց նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը: Կազմակերպության հայտարարության մեջ կոչ է արվում նաև անդամ բոլոր պետություններին ձեռնպահ մնալ այս գործարքին մասնակցությունից կամ որևէ ձևաչափով դրան աջակցություն ցուցաբերելուց: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մի քանի անգամ հայտարարել էր, որ մի շարք արաբական երկրներ դրական վերաբերմունք ունեն իր կողմից առաջարկված կարգավորման նախագծին, ավելին՝ դրա ֆինանսական հատվածը նախատեսվում է իրականացնել այդ թվում այս արաբական պետությունների աջակցության հաշվին: Խոսքն, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի մասին է, ավելի զուսպ դիրքորոշում են հայտնել նաև Հորդանանը և Եգիպտոսը: Ի դեպ, իր պրոամերիկյան կեցվածքը Սաուդյան Արաբիան արտահայտեց նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի անմիջապես նախօրեին՝ մուտքի արտոնագիր չտրամադրելով և դրան մասնակցելու իրավունքից զրկելով Իրանի պատվիրակությանը:
Բացի արաբական աշխարհից և արաբական երկրները միավորող կազմակերպություններից, «դարի գործարքի» դեմ արդեն հասցրել են արտահայտվել մի շարք երկրներ, միջազգային կազմակարպություններ: Կարևոր է նշել, որ այս պլանը մերժեց նաև Եվրամիությունը՝ նշելով, որ հակամարտության կարգավորման ամերիկյան պլանը չի համապատասխանում միջազգային հանրության կողմից սահմանված չափորոշիչներին:
Հիշեցնենք՝ ներկայացված պլանի համաձայն հակամարտությունն առաջարկվում է լուծել երկու պետությունների սկզբունքի ներքո՝ էապես մեծացնելով Պաղեստինի ներկայիս տարածքները: Սակայն Թրամփի պլանի համաձայն Իսրայելին է մնում Երուսաղեմը, Գոլանի բարձունքները և նախատեսվում է պահպանել Իսրայելի վերահսկողությունը Հորդանանի հովտի և այն շրջանների նկատմամբ, որոնք անվտանգային առումով կարևորություն ունեն Իսրայելի համար: