Ռուբեն Մելիքյանի, Լարիսա Ալավերդյանի և Ավետիք Իշխանյանի նախաձեռնած՝ ՀՀ նախագահին ուղղված ստորագրահավաքին միացել է 132 իրավաբան և իրավապաշտպան: Հանրապետության նախագահին ուղղված խնդրագիրն այսօր փոխանցվել է ըստ հասցեատիրոջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:
«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի սահմանադրական իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։
Նշեմ նաև, թե անձամբ ես ինչ եմ հասկանում «ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից» ասելով։ Ես հասկանում եմ, որ Հանրապետության նախագահը չպետք է «սեփական ստորագրությամբ» նշանակի հանրաքվե՝ անկախ այն հանգամանքից, թե «դե ֆակտո հանրաքվեն» կնշանակվի՞ օրենքի ուժով, թե ոչ։