2018-2019 թվականներին ռուսական բուհերում ուսանելու համար Հայաստանի քաղաքացիների համար հատկացվել էր 210 տեղ, իսկ այս տարի այդ տեղը հաստատապես պակաս չի լինի՝ հաշվի առնելով, որ քվոտաներն ամեն տարի մեծանում են: Այս մասին փետրվարի 10-ին Մոսկվա – Երևան – Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, փոխանցում է News.am-ը:
Նա հավելել է, որ ռուսական բուհերում ուսանում է Հայաստանի 2674 քաղաքացի, և նրանցից 740-ից ավելին Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին: «Հայաստանից դիմորդները հիմնականում սովորում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Մոսկվայի և Ռոստովի մարզերում: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ռուսական բուհեր ընդունվել հատուկ ծրագրերով՝ ինչպես ուսման վճարովի տեղերում, այնպես էլ բյուջետային: 2024 թվականին նախատեսվում է ԱՊՀ երկրներից դիմորդների համար քվոտաները կրկնապատկել, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»,- ասել է Ֆալկովը:
Նա շեշտել է, որ միջազգային համագործակցության շրջանակում կարևոր է Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցությունը:
«Այս առումով սպասում ենք հայ գործընկերների առաջարկներին, քանի որ մենք չենք կարող պարտադրել, բայց կարող ենք նպաստել և աջակցել նման համագործակցությանը»,- նշել է նա:
Վալերի Ֆալկովի խոսքով՝ ամեն տարի աշխարհում ռուսական կրթության պահանջարկն աճում է, և պետությունն աշխատում է, որ այս գործընթացին աջակցի՝ իրականացնելով ծրագրեր և ձգտելով բարձրացնել աշխարհում ռուսական բուհերի վարկանիշը: