Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային և ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ և կդարձնի այն կարևոր ուղղություններից մեկը, փոխանցում է RBC-ն։
Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում և կայունացնել տնտեսությունը, նշել է Յամամոտոն։
Հունվարի 30-ին Ճապոնիայի բանկի փոխնախագահ Մասաեսի Ամամիան ընդգծել էր, որ պետության համար ծայրահեղ կարևոր է նախապատրաստվել ազգային թվային արժույթի թողարկմանը։ Դրա անհրաժեշտությունը կարող է կտրուկ առաջանալ հանրության կողմից աճող պահանջարկի պատճառով, որը կապված է վճարումների ոլորտում ինովացիաների շատ արագ զարգացման հետ, պարզաբանել էր նա։