Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսի Գիլանի նահանգում ձյան տեղումների արդյունքում առաջացած պատահարների հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանի YJC նորությունների պորտալը:
«Ձյան տեղումների և ձնահյուսի հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է յոթ մարդ, որոնցից հինգը՝ Ռուդբարում սողանքի հետևանքով, ևս երկուսը Ռեշտում բարձրությունից ընկնելու և տանիքի փլվելու պատճառով»,- պորտալին հայտնել է երկրի շտապօգնության ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին:
Գիլանի նահանգի կրթության դեպարտամենտն, իր հերթին, հայտնել է, որ ուսումնական հաստատություններում դասերը դադարեցված են «շարունակվող ձնատեղման» պատճառով: