ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ հնդկական Ահմեդաբադում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն: Այս մասին Թրամփը հայտնել է ԶԼՄ-ների հետ այցի վերաբերյալ կայացած զրույցի ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 24-25-ին:
«Նա (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին) ասել է, որ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ են լինելու: Նա կարծում է, որ օդանավակայանից մինչև նոր մարզադաշտ 5-7 մլն մարդ կլինի»,-փետրվարի 12-ին Թրամփի խոսքը մեջբերել է India Today հանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը՝ այցի ընթացքում Թրամփը և ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյան կայցելեն Ահմեդաբադ (վարչապետ Մոդիի հայրենի Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաք) և Նյու Դելի:
Մոդին փետրվարի 12-ին Twitter-ի իր էջում հայտնել էր, որ հնդիկներն ԱՄՆ-ի ղեկավարի համար «անմոռանալի ընդունելություն» են նախապատրաստում: