Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն է տվել բանաձևին, որում կողմ է արտահայտվել Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, սակայն միևնույն ժամանակ պահպանելով Եվրամիության շահերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Բանաձևը պաշտպանել է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ և առանձին ճյուղային հարցեր»,-ասված է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ և ԵՄ-ի անդամ պետությունը»:
ԵԽ-ում նաև նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի և մաքսային միության ամբողջականությունը»: