Թուրքիան վերջին ամիսներին ավելի ակտիվորեն է ներգրավվում Լիբիական հակամարտության մեջ: Այդ ակտիվացմանը զուգահեռ միջազգային մամուլում՝ այդ թվում թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով, հայտվում են տեղեկություններ այն մասին, որ Անկարան սկսել է Սիրիայում իր ազդեցության տակ գտնվող խմբավորումների զինյալներին տեղակայել Լիբիայում՝ մայրաքաղաք Տրիպոլին Խալիֆա Հավթարի հարձակումից պաշտպանելու համար: Ֆրանսիական հետախուզության տվյալներով խոսքը գնում է հազարավոր վարձկանների մասին: Միայն 2019 թվականի դեկտեմբերի Թուրքիան Լիբիա է տեղափոխել 3000 հազար վարձկան: 2020 թվականի հունվարի վերջին հաղորդվում էր, որ, ըստ հետախուզական տվյալների, առաջիկայում Թուրքիան Լիբիայում կտեղակայի ևս 6000 սիրիացի զինյալների:
Սիրիայում կռվող տարբեր՝ այդ թվում ծայրահեղ իսլամական խմբավորումների և Թուրքիայի միջև «համագործակցությունը» բնավ նորություն չէ: Այն, որ Թուրքիան Սիրիայում ահաբեկիչների հայտվելու հիմնական տարանցիկ ուղին է, արդեն իսկ բավականին խոսուն է: Հետաքրքիր է նաև այն, որ Սիրիայում քրդերի դեմ թուրքական «Ձիթենու ճյուղ« և «Խաղաղության աղբյուր» գործողություններին մասնակցել են նաև, այսպես կոչված,«զինված ընդդիմության«` Սիրիական ազատ բանակի զինյալները, որոնց պայքարի հիմնական հայտարարված թիրախն Ասադի վարչակազմն է, այլ ոչ թե քրդերը:
Թուրքիայի կողմից Սիրիայում կռվող վարձկանների նման մեծ խմբաքանակներ Լիբիա տեղափոխելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան լուրջ աշխատանք է իրականացրել Սիրիայում տարբեր ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու և զինելու ուղղությամբ: Ըստ Էության, Անկարան Սիրիայում ստեղծել է պրոքսի բանակ, որն այժմ տեղափոխվում է պատերազմի մեկ այլ՝ լիբիական ճակատ:
Սա պետք է մտահոգությունների լուրջ տեղիք տա Հայաստանի իշխանություններին՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին: Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Թուրքիայի համար առանձնակի դժվարություն չի ներկայացնի իր ազդեցության տակ գտնվող վարձկաններից մի քանի հազարին այնտեղ ուղարկելը: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արդեն իսկ լուրջ կասկածներ կային, որ ադրբեջանական կողմից կռվում են սիրիացի վարձկաններ:
Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է միջազգային ատյաններում Թուրքիայի և սիրիացի վարձկանների նման համագործակցության մասին առաջին բարձրաձայնողներից լինի՝ ներկայացնելով այդ թվում նաև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայության և անվտագության համար Թուրքիայի այս քաղաքականությունից բխող մարտահրավերները:
Սակայն որքանով է այս հարցը ներառված Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, դժվար է ասել: