Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչև երկու երրորդը: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդական Այրու Լոնջինին:
Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ և դրա սահմաններից դուրս, ասել է փորձագետը, որի խոսքը մեջբերում է Բլումբերգ գործակալությունը:
Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում է ևս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել է Լոնջինին: