Ադրբեջանն ակտիվ ջանքեր է գործադրում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի», որպես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում դերակատարի, միջազգային ընկալման բարձրացման ուղղությամբ:
Վերջին շրջանում այդ կեղծ միավորի ղեկավարը հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից երկուսի՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ: Ռուսաստանի արտգործնախարարը ողջունեց համայնքների միջև շփումների հնարավորությունը: Իսկ երեկ համացանցում հայտնվեց այդ միավորի ղեկավարի լուսանկարը ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Փաստացի, ողջ միջնորդական կազմն ուղիղ շփումների մեջ է մտնում այդ միավորի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ:
Եթե անցյալում երբեմն տարածաշրջանային այցերի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը հանդիպում էին նաև Ադրբեջանում բնակվող փախստականների հետ, ապա այժմ այս շփումներն արդեն ավելի ինստիտուցիոնալ բնույթ են ստանում և դուրս են տարածաշրջանային այցերի տրամաբանությունից:
Ավելին, այդ արհեստածին միավորի ղեկավարը, այսպես կոչված, Ստեփանակերտի օկրուգից, իբրև Արցախից հեռացած ադրբեջանցիների կողմից, ընտրվեց որպես պատգամավոր Ադրբեջանի խորհրդարանում: Իսկ դա նշանակում է, որ ապագայում նա կարող է ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ադրբեջանական պատվիրակությունների կազմում և արդեն միջազգային հարթակներից տարածել կեղծ քարոզչություն՝ իրենց «հայրենազրկության» և «հայերի անհանդուրժողականության» մասին:
Բացի այդ, օգտվելով Հայաստանի ԱԳՆ անզգույշ պնդումներից, որ «Արցախի ընտրված ներկայացուցիչները» պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում, Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն շրջանառության մեջ դրեց Թուլալ Գյանջալիևին որպես Արցախի ադրբեջանցիների ընտրված ներկայացուցիչ ներկայացնելու թեզը: Այսինքն, հետագայում արդեն, հղվելով Հայաստանի պաշտոնական հայտարարությունների վրա, Ադրբեջանը կպահանջի ներգրավվել նրան բանակցային գործընթացում:
Կարող ենք փաստել, որ Արցախն անհապաղ բանակցային գործընթաց վերադարձնելու Հայաստանի ներկայիս իշխանությունների չհաշվարկված և ռիսկերին հակազդելու անպատրաստ քաղաքականությունը պարարտ հող ստեղծեց, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքին» բանակցային գործընթաց վերադարձնելու Ադրբեջանի վաղեմի երազանքը կյանքի կոչելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար: Այսօր այս ստեղծված ռիսկերին հակազդելու և անցանկալի զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է նախ հստակ գիտակցել խնդիրը, չխուսափել այն ամենատարբեր հարթակներով բարձրաձայնելուց և հստակ պլանավորված լայնամասշտաբ թայլեր ձեռնարկել, և ոչ թե առաջնորդվել խնդիրն անտեսելու, չկարևորելու կամ արհամարհելու մարտավարությամբ: