Փաշինյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Մյունխենյան սկզբունքները»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած թեզերին՝ դրանք անվանելով «Մյունխենյան սկզբունքներ»։
«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն, ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - որպես «Մյունխենյան սկզբունքներ» առանձնացրել է Փաշինյանը: