Մյունխենում Ղարաբաղյան հակամարտության հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել է իր մի քանի դրույթներ՝ դրանք անվանելով Մյունխենյան սկզբունքներ: Ենթադրվում է, որ այդ առանձնացված կետերը, որոնք թերևս իրենց մեջ որևէ նորություն չեն պարունակում, արտահայտում են կարգավորման գործընթացում ՀՀ գործող իշխանությունների հիմնական մոտեցումները:
Այս «սկզբունքների» մեջ հատկապես ուշագրավ է կետն այն մասին, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:
Ներկայիս իշխանությունները կարգավորման գործընթացում հիմնական շեշտը դնում են հենց անվտանգային խնդրի վրա՝ մոռանալով ինքնորշման իրավունքի մասին:
Երբ հետևողականորեն չի խոսվում ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի խնդրի մասին, ստացվում է, որ հակամարտության ողջ էությունը միայն Արցախի անվտանգության ապահովումն է: Այստեղից հարց է ծնվում՝ եթե հայկական կողմերը ստանան անվտանգության երաշխիքներ, պատրաստ են լինելու զիջե՞լ և կատարել Ադրբեջանի պահանջները:
Այս ամենը բավականին մտահոգիչ է կարգավորման գործընթացում առկա իրավիճակի ֆոնին: Մյունխենում Ալիևը վերահաստատեց, որ Ադրբեջանը համաձայն է կարգավորման ռուսական առաջարկին, կամ «Լավրովի պլանին», որը նախատեսում է փուլային կարգավորում՝ առանց հստակեցնելու կարգավիճակի հարցը:
Ու թեև Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենք Ղարաբաղյան կարգավորման հարցում ամենաթափանցիկ աշխատող իշխանություններն են, մինչ այժմ չի հստակեցրել իր վերաբերմունքը հակամարտության կարգավորման այս մոտեցման նկատմամբ: Փոխարենը, հայկական կողմը հետևողականերոն չի խոսում Արցախի ժողովրդի ինքնոշման իրավունքն իրացնելու կարևորության և Արցախի կարգավիճակի խնդրի մասին... հայկական կողմերի համար կարգավորման գործընթացի երկու կարևորագույն խնդիրների, որոնք, հետաքրքիր զուգադիպությամբ, կարգավորան վերոնշյալ մոտեցման դեպքում բաց են մնում: