Իրանը պատրաստ է Պարսից ծոցում անվտանգության վերաբերյալ բանակցություններին բոլոր կողմերի հետ, այդ թվում նաև` Սաուդյան Արաբիայի: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային:
«Իրանն առաջարկում է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Եվ նույնիսկ պատրաստ է դա բացատրել բոլորին և աշխատել բոլորի հետ` Հորմուզի պլանով Պարսից ծոցում անվտանգության ապահովման ուղղությամբ», - նշել է իրանցի պաշտոնյան:
Սանային շեշտել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանային նախաձեռնություններով:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմն իրանական տարածքային ջրերում կալանավորել էր Stena Impero բրիտանական լցանավը և ուղեկցել այն դեպի Բանդար-Աբաս նավահանգիստ, ինչը Իրանի իշխանությունների փաստացի արձագանքն էր բրիտանական Զիբրալթարի իշխանությունների կողմից իրանական լցանավի կալանավորմանը: