«Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության»: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս իրավիճակը, որ մենք ունենք սահմանադրական դատարանում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը: Ավելին, Փաշինյանի պնդմամբ՝ աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր և միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում:
Վարչապետի պնդումները ՍԴ-ի վերաբերյալ իսկապես ծանրակշիռ մեղադրանքներ են պարունակում, և, ըստ էության, կարիք կա դրանց հետ կապված որոշ հարցերի առավել մանրամասն անդրադառնալ:
Այո՛, ՀՀ գործող սահմանադրությամբ (Հոդված 168, կետ 2) Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով` մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Այս պարտադիր դրույթի նպատակն այն է, որ բացառվի մի իրավիճակ, երբ սահմանադրությունում կլինեն ներքին հակասություններ. սահմանադրության փոփոխման ենթակա հոդվածները չպետք է հակասեն սահմանադրության էությանն ու սահմանադրության ֆունդամենտալ, անփոփոխելի հոդվածներին: Դրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան Սահմանադրության մյուս նորմերը։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները, որոնք հակասում են այդ անփոփոխելի դրույթներին, անվավեր են։ Ի դեպ, այն, որ նման կարգավորման հիմքում բացառապես այս նպատակն է, երևում է և այն փաստից, որ նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեի մասով ՍԴ որոշում չի պահանջվում:
Արդյոք Հայաստանի Հանրապետությունը միա՞կ երկիրն է աշխարհում, ինչպես պնդում է վարչապետը, որ նախատեսում է հանրաքվեի անցկացման նման ընթացակարգ: Պարզվում է՝ ոչ: Նման կարգ նախատեսված է, օրինակ, ՌԴ օրենսդրության մեջ: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է` «ՍԴ-ն ստուգում է հանրաքվեի դրված հարցի համապատասխանությունը ՌԴ սահմանադրությանը»:
Նման նորմ գործում է նաև Ալբանիայի օրենսդրության մեջ, և այս երկու օրինակները, կարծում ենք, բավարար են հասկանալու համար, որ վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած պնդումներն, առնվազն, չեն համապատասխանում իրականությանը:
Հետաքրքրական էր և վարչապետի հաջորդ պնդումը, որ այս իրավիճակն ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը: Այստեղ, թերևս, տեղին է հիշել Գերմանիայի սահմանադրությունը, և այն, որ այս երկրում դաշնային մակարդակով հանրաքվե անցկացնելու իրավունք ընդհանրապես տրված չէ: Գերմանիայի քաղաքացիները չունեն հնարավորություն անգամ փոխելու սահմանադրությունը. դրա համար նրանք ընտրում են պատգամավորներ, և հենց Բունդեսթագի և Բունդեսռաթի ներկայացուցիչներն են լուծում համապետական նշանակության բոլոր հարցերը, այդ թվում՝ սահմանադրության փոփոխության: Արդյոք դրանով Գերմանիան ավելի պակա՞ս ժողովրդավար երկիր է, քան, օրինակ, Հայաստանը: Ի դեպ, նման օրինակների շարքը կարելի է երկար շարունակել, տրամաբանությունը մեկն է՝ ժողովրդավար և իրավական պետություն կառուցում են սահմանադրության և օրենքների շրջանակներում, հակառակ ճանապարհը ոչ մի աղերս չի կարող ունենալ ժողովրդավարության հետ: