Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կարող է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում կազմակերպվել, եթե Մոսկվայում ընթացող ռուս-թուրքական բանակցություններն արդյունք չտան:
Սիրիայի հարցով ռուս-թուրքական միջգերատեսչական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Անկարայում: Երկրորդ փուլը՝ երկուշաբթի և երեքշաբթի Մոսկվայում:
«Եթե Մոսկվայում բանակցություններից հետո ոչ մի արդյունք չլինի, հնարավոր է մոտ օրերս հանդիպում կայանա նախագահների մակարդակով»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
2018թ. սեպտեմբերին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայում թուրքական ռազմական օպերացիան դադարեցնելու և համատեղ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Սակայն Մոսկվան և Անկարան միմյանց շարունակաբար մեղադրում են պայմանավորվածությունները չկատարելու մեջ: Ռազմական գործողություններն Իդլիբում շարունակվում են: