Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Այն կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն է նպաստել մեդիա դաշտում առկա որոշակի մասնագիտական, իրավաբանական գիտելիքների պակասի լրացմանը, ընդ որում՝ ինչպես ներկայումս գործող լրատվամիջոցների հետ սերտ աշխատանքի, այնպես էլ ԵՊՀ լրագրության ֆակուլտետում մագիստրոսական ծրագիր հիմնելու միջոցով:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի խոսքով՝ հիմնադրամը դեռ 2008թ.-ից ի վեր լրագրության ոլորտում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ համագործակցելով ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական բազմաթիվ ՀԿ-ների հետ: Խոսելով նախաձեռնության մասին՝ Մարուքյանը նշեց, որ «այն հնարավորություն կտա կյանքի կոչել մի ծրագիր, որի շրջանակներում և՛ իրավաբանները, և՛ լրագրության ոլորտում մասնագիտացված գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող անձինք ավելի պատրաստված և տեսական գիտելիքներով զինված կկարողանան պրակտիկ գործունեություն ծավալել»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն էլ, իր հերթին, խոսելով նախաձեռնության մասին նշեց. «Ծրագիրն ունի երկու նպատակ: Հիմնականը, որին մենք ձգտելու ենք՝ ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետում, մագիստրոսական ծրագիր իրականացնելն է, որը հնարավորություն կտա ապագա լրագրողներին պատշաճ գիտելիքներ փոխանցել: Երկրորդ նպատակը՝ այսօր գործող լրատվական դաշտի ներկայացուցիչներին նմանատիպ գիտելիքներով ապահովելն է, իրենց իրավունքների, պարտականությունների մասին իրազեկելը»:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց մեդիա իրավունքի և հեղինակային իրավունքների պաշտպանությանը, մեդիա դաշտի իրավական կարգավորման հիմնախնդիիրներին, մեդիա իրավունքի և տվյալների պաշտպանության հիմնախնդիրներին, սոցիալական և համացանցային մեդիայի իրավական կարգավորման խնդիրներին: Բարձրաձայնվեցին ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կարծիքներ և առաջարկներ հնչեցին՝ այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: