«Diamond Princess» զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինի ավարտից հետո չորեքշաբթի սկսել է ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին խմբում ընդգրկված է մոտ 500 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ըստ հաղորդման՝ ընդհանուր առմամբ, առաջին խմբում գերակշռում են տարեցները: Նրանց տեղափոխելու համար հատկացվել է 16 ավտոբուս:
Ափ իջնելու պահին ուղևորների հետ շփումն ամբողջությամբ բացառված է եղել:
Հաղորդվում է, որ կարանտինի ռեժիմը շարունակում է գործել. այն կտևի մինչև բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ափ իջեցումը:
Նավում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 542 մարդ: Զբոսանավի վրա կար, ընդհանուր առմամբ, 3100 ուղևոր:
Հիշեցնենք, որ «Diamond Princess» զբոսանավի ուղևորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով նավի վրա կարանտին է հայտարարվել և ուղևորներին թույլ չէր տրվում ափ իջնել: