Փետրվարի 6-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Օրենքն արդեն ստորագրվել է նախագահ Սարգսյանի կողմից, և հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այն մասին, որ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունման գործընթացն անցել է էական ընթացակարգային խախտումներով, արդեն խոսել ենք: Բայց պակաս կարևոր չեն նաև բովանդակային խախտումները, որոնք, ըստ էության, երկիրը կարող են կանգնեցնել իսկապես սահմանադրական ճգնաժամի առաջ:
Նախ, հանրաքվեի դրված հարցը ոչ թե սահմանադրության հիմնական տեքստից, այլ անցումային դրույթներից է, ինչն ինքնին խնդրահարույց է: Բանն այն է, որ անցումային դրույթները մեկանգամյա դրույթներ են, որոնք կյանքի կոչվելուց հետո սպառված են համարվում: Հանրաքվեի դրված 213-րդ հոդվածը, մասնավորապես, իր պատմական առաքելությունն իրականացրել է 2015-ի սահմանադրությունն ուժի մեջ մտնելու ժամանակ, և ըստ էության, այժմ գոյություն չունեցող նորմ է:
Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ հանրաքվեի դրված հարցով խախտվում է ՀՀ սահմանադրության ևս մեկ հոդված: Խոսքը 73-րդ հոդվածի մասին է, որը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ուժերը հետադարձ ուժ չունեն: Ակնհայտորեն, 2015-ին ընդունված նոր սահմանադրության մեջ ՍԴ դատավորների պաշտոնավարման համար նշված ժամկետները արդեն գործող դատավորների իրավական վիճակը վատթարացնող նորմ էին, ուստի, ՀՀ սահմանադրության համաձայն, չէին կարող հետադարձ ուժ ունենալ: Եվ պատահական չէ, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ դատավորների պաշտոնավարման տարիքը 70-ից իջեցվեց 65-ի, բայց տարածվեց ոչ թե այն ժամանակ գործող, այլ նոր ընտրվող դատավորների վրա:
Եթե հանրաքվեն կայանա և առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, առաջ է գալու հաջորդ՝ ՍԴ այսօր գործող անդամների (ում լիազորությունները հանրաքվեի արդյունքում պիտի դադարեցվեն) իրավունքների պաշտպանության խնդիրը: Հատկանշական է, որ հանրաքվեի արդյունքները բողոքարկելու իրավունք ՍԴ դատավորները չունեն: Հանրաքվեի արդյունքները բողոքարկվում են սահմանադրական դատարան՝ ԱԺ խմբակցությունների կողմից (ԱԺ կանոնակարգ, Հ.9, կետ 11): Այսինքն ներպետական որևէ ատյան, որտեղ ՍԴ այս դատավորները կարող են դիմել իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, պարզապես գոյություն չունի: Դիմելու են միանգամից ՄԻԵԴ, և առաջին խախտումը, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի, դա հենց ներպետական համապատասխան դատական ատյանի բացակայության խնդիրն է լինելու:
Դեպքերի նման զարգացումը կարող է իսկապես առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի դեպ, այդ բացասական հետևանքներին կարելի է ծանոթանալ, օրինակ, միջազգային փորձն ուսումնասիրելով: Դեռ 2015-ից սահմանադրական ճգնաժամ է Լեհաստանում, որի պատճառներն, ընդհանուր գծերով, շատ նման են մեզ մոտ առկա իրավիճակին: ՍԴ լիազորությունները սահմանափակելու, գործող դատավորներին նորերով փոխարինելու նպատակով Լեհաստանի իշխանությունները նոր օրենք ընդունեցին, որի քննադատությամբ հանդես եկան և՛ Եվրոպայի խորհուրդը, և՛ Եվրամիությունը, և՛ միջագային այլ կառույցներ ու կազմակերպություններ: Ապահովագրվա՞ծ ենք արդյոք մենք նման սցենարից ու զարգացումներից և ի՞նչ կարժենա մեկ անձի համար նախաձեռնված այս “իրավական արկածախնդրությունը”, դեռ վաղ է ասել: Սպասումներն ու ակնկալիքները, թերևս, մեծ հույսեր չեն ներշնչում: