Փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ունեցած մյունխենյան քննարկմանը:
Մյունխենյան քննարկումը վարչապետը շրջադարձային որակեց՝ հիմքում դնելով երեք հանգամանք՝ ա) քննարկումը ցույց տվեց հայկական կողմի կառուցողականությունը, բ) վարչապետն այդ քննարկմամբ իրականացրեց ժողովրդին տված խոստումը, որ բանակցային որևէ գաղտնիք չի ունենալու, և գ) իր նախաձեռնությամբ ձևավորվում է ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, նույն ինքը՝ «մյունխենյան սկզբունքները»:
Այն, թե որքանով էր կառուցողական ու հայկական երկու պետությունների շահերի տեսանկյունից ձեռնտու Մյունխենում կայացած քննարկումը, արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Առավել հետաքրքրական էր այն, որ վարչապետը Հանրայինի եթերում խոսելով մյունխենյան հանդիպումից, այն որակեց որպես ժողովրդին տված խոստման իրականացում առ այն, որ բանակցային որևէ գաղտնիք հայ հասարակությունից ինքը չի ունենալու: Եվ ուրեմն՝ բանակցային ի՞նչ գաղտնիքներ բացահայտեց մյունխենյան քննարկումը:
Չկան տարածքներ, կա անվտանգություն: Այս մասին հայկական կողմը «ակնարկում է» դեռ վաղուց, սկզբում՝ ԱԳՆ մակարդակով՝ առաջ քաշելով Արցախի ժողովրդի «էքզիստենցիալ անվտանգության» թեզը, հիմա արդեն՝ անձամբ վարչապետի մակարդակով: Որևէ կերպ կասկածի տակ չդնելով Արցախի հայության անվտանգության ապահովման հարցը, կարևոր է հիշել, որ խոսելով այս չափազանց զգայուն թեմայի մասին, ձևակերպումներում պիտի առավել քան զգուշավոր լինենք. կարևոր է ապահովել Արցախի ժողովրդի՝ սեփական հողում անվտագ ապրելու և արարելու իրավունքը: Կարծում եմ՝ տարբերությունն ակնհայտ է:
Մյունխենում վարչապետը շրջանցեց նաև Արցախի կարգավիճակին առնչվող հարցը, ավելին՝ շրջանցեց այն Ադրբեջանի նախագահի պատասխանից հետո: Վերջինս, հիշեցնեմ, խոսում էր այն մասին, որ խնդրի լուծումը հնարավոր է փուլային տարբերակով՝ թողնելով կարգավիճակի հարցը հետագայի որոշման: Արդյոք այս իրավիճակում վարչապետ Փաշինյանի կողմից հարցի շրջանցումը լուռ համաձայնության նշա՞ն էր, և եթե այո՝ ինչո՞վ է հիմնավորված մեր դիրքորոշման նման փոփոխությունը:
Ի դեպ, փուլային տարբերակով հակամարտությունը լուծելու հայկական կողմի պատրաստակամության մասին էր վկայում նաև Փաշինյանի կողմից առաջ քաշված «միկրոհեղափոխությունների» մոդելը: Սա գեղեցիկ փաթեթավորմամբ վտանգավոր թեզ է, որի առաջ տանելու ուղղությամբ տարիներ շարունակ աշխատել է պաշտոնական Բաքուն: Իսկ թե ինչու՞ են այսօր Հայաստանի իշխանությունները խոսում այս դիրքերից՝ առնվազն անհասկանալի է:
Հիշեցնենք՝ Հանրայինի եթերում վարչապետ Փաշինյանը, կարևորելով մյունխենյան քննարկումը, առանձնացրեց, որ դրա շնորհիվ ինքը կատարեց ժողովրդին տված իր խոստումը՝ գաղտնիքներ չունենալ բանակցություններից: Արդյոք սա՞ էր բացահայտում վարչապետը: