Սիրիական Իդլիբում շարունակվում են բախումները Սիրիայի կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև, որոնց ռազմական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:
Ասադի բանակի առաջխաղացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալ Իդլիբում նոր ռազմական գործողություն սկսել, եթե իրավիճակը չկարգավորվի և Ասադի բանակը չդադարեցնի հարձակվողական գործողությունը:
Իդլիբում իրավիճակը որոշակի լարվածություն է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիան մեղադրում է Ռուսաստանին Իդլիբի հարցով 2018 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ՝ պահանջելով դադարեցնել սիրիական բանակի գործողություններին աջակցությունը:
Մոսկվան ոչ միայն չի կատարում Անկարայի այս պահանջը, այլև Իդլիբում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Անկարային, որը չի կատարում 2018 թվականին Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները:
Ստեղծված փակուղուց դուրս գալու համար կողմերն ակտիվ աշխատում են միմյանց հետ, սակայն տարաձայնությունները հաղթահարել դեռևս չի հաջողվում: Այժմ քննարկումներ են ընթանում Իդլիբի հարցով մարտի 5-ին Ստամբուլում արդեն ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ:
2018 թվականի ռուս-թուրքական պայմանավորվածությունից հետո Իդլիբի հարցն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ռուս-թուրքական օրակարգում: Այս նահանգը Սիրիայում ահաբեկիչների վերջին հենակետն է, և պատերազմն ավարտելու տեսանկյունից կարևոր է վերջինիս ազատագրումը: Թուրքիան, որը ստանձնել էր Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու պարտականությունը, չի կատարում այն, իսկ Մոսկվան, որը հավակնում է Սիրիայում ունենալ առավելագույն ազդեցություն, որոշել է այլևս չհամակերպվել այդ իրավիճակի հետ:
Իդլիբում ռուս-թուրքական շահերի այս բախումը մտահոգիչ է ոչ միայն սիրիական հակամարտության կարգավորման տեսանկյունից: Իդլիբում իրավիճակի ցանկացած հանգուցալուծում իր ազդեցությունն է ունենալու բոլոր այն տարածաշրջանների վրա, որտեղ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան ունեն շահեր, մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ:
Եթե կողմերն, այնուամենայնիվ, չկարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները, Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը կարող է տեղափոխվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջաններ: Դա արդեն արտացոլվում է Լիբիայում, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող Խալիֆա Հաֆթարի ուժերը Տրիպոլիի նավահանգստում զենքով բեռնված թուրքական նավ են ոչնչացրել:
Իդլիբի հարցում պայմանավորվածության առկայությունն, ըստ էության, նշանակելու է, որ կողմերից մեկը համատեղ շահ ներկայացնող մեկ այլ հարցում զիջում է արել մյուսին, ինչը ևս բավականին մտահոգիչ է մեզ համար:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանում Թուրքիայի շահերը, Հայաստանի նկատմամբ տարվող Անկարայի թշնամական քաղաքականությունը և հատկապես Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունն՝ Իդլիբում ռուս-թուրքական այս լարվածությունը պետք է լինի Հայաստանի իշխանության ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է աշխատել գործընկերների հետ՝ բացառելու կամ առնվազն նվացեցնելու մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի և Արցախի համար ռուս-թուրքական այս լարվածության ցանկացած հանգուցալուծումից բխող մարտահրավերները: