Թրամփի վարչակազմի` Բաքվի համար 100 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթը հիմնականում ուղղված է Իրանի դեմ ամերիկաադրբեջանական համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորմանը` միևնույն ժամանակ` նոր գրոհային հնարավորություններ ապահովելով և մնացած ռազմական ռեսուրսներն ազատելով Արցախի և Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի շարունակական ագրեսիայի համար: Այս մասին, ինչպես հայտնում է NEWS.am-ը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA):
ANCA-ի կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով` իրենք անհանգստացած են, որ Բաքվին օգնության փաթեթն Ադրբեջանի զինանոցում նոր սարքավորումներ, մարտավարական հնարավորություններ է ավելացնում հարձակման համար` միաժամանակ պետական ռեսուրսներ ազատելով` Արցախի և Հայաստանի դեմ գործողությունները վերսկսելու համար:
«Չի կարելի ամերիկացի հարկատուներին խնդրել թեկուզ մի դոլար հատկացնել Ալիևի բացահայտ և անողոք ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնության համար, ով դեռ մեկ շաբաթ առաջ Մյունխենում կրկին խոսեց Արցախի վրա հարձակման սպառնալիքների մասին և հրապարակավ հայտարարեց, որ Երևանն ու Հայաստանը Ադրբեջանի տարածքներն են: Թրամփի վարչակազմը պետք է կամ դադարի ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին, կամ հավասարեցնի Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող օգնությունը»,- հայտարարել է նա:
Թերեզա Երեմյանը գրավոր հայտարարություն է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին, որում կոչ է արել հրաժարվել Ադրբեջանին միջոցներ հատկացնելուց: