Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Մյունխենյան քննարկումը շրջադարձային նշանակություն ունի: Փաշինյանը դա հիմնավորում է նրանով, որ այդ քննարկումը ցույց է տվել Հայաստանի կառուցողականությունը բանակցային գործընթացում, այդ քննարկմամբ ինքը կատարել է ժողովրդին տված խոստումը բանակցային գործընթացի թափանցիկության վերաբերյալ և, վերջապես, այդ քննարկումով ձևավորվում է բանակցային գործընթացի նոր բովանդակություն:
Վարչապետի այս երեք հիմնավորումն էլ առաջացնում են որոշակի հարցեր: Անդրադառնանք դրանից երկուսին, բանակցային գործընթացում Փաշինյանի նախաձեռնած բովանդակային նորարարությունները թերևս առանձին, խորքային անդրադարձի կարիք ունեն:
Այսպես, Փաշինյանը նշում է, որ 2018 թվականի մայիսից Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է համոզել, որ Հայաստանն ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղյան կարգավորման հարցում: Եթե հիմք ընդունենք, որ Մյունխենյան քննարկումն էր, որ ցույց տվեց մեր կառուցողականությունը՝ ստացվում է, որ Ադրբեջանին մինչ այդ հաջողվել էր միջազգային հանրությանը համոզել, որ մենք ապակառուցողական ենք: Ադրբեջանը մշտապես փորձել է միջազգային հանրությանն ապացուցել, որ մենք ապակառուցողական ենք, ինչո՞ւ է դա նրանց հիմա հաջողվել: Իշխանությունների ո՞ր քայլերն են եղել Հայաստանին ապակառուցողականության մեջ մեղադրելու պատճառը:
Եվս մեկ դիտարկում այս կապակցությամբ: Մյունխենում ներկայացնելով կարգավորման հարցում իրենց դիրքորոշումները՝ Հայաստանը և Ադրբեջանը նոր բան չասեցին: Հայաստանի վարչապետն անձամբ այդ թեզերը բազմիցս բարձրաձայնել է միջազգային հարթակներից, նույնը՝ Ադրբեջանի նախագահը: Ի՞նչ նոր բան կատարվեց Մյունխենում, որ պիտի ստիպեր միջազգային հանրությանը Հայաստանին սկսել դիտել որպես կառուցողական կողմ:
Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ գաղտնիք չունենալուն. Մյունխենի քննարկումից ընդամենը երկու շաբաթ առաջ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները, որոնց արդյունքում կողմերը հանդես էին եկել հնգակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության բովանդակությունից հետևում է, որ վաղուց արդեն բանակցությունների դռան հետևում բովանդակային հարցեր են քննարկվում, իսկ մեր իշխանությունը դեռ դժվարությամբ է այդ քննարկումները բանակցություն անվանում: Ուստի, հասարակությանը համոզել, որ բանակցությունները լրիվ թափանցիկ են դարձել, առնվազն, ազնիվ չէ:
Հիշեցնենք, նաև, որ Ժնևյան հանդիպումից հետո համանախագահները հնգակողմ հայտարարությունում ուշադրություն էին հրավիրել գործընթացի կոնֆիդենցիալության վրա: Այդ պարագայում հայտարարելը, որ քո հասարակության համար լիարժեք բացել ես գործընթացը արդյո՞ք որպես ապակառուցողականություն չի ընկալվելու միջազգային հանրության և մասնավորապես՝ համանախագահների կողմից: