COVID-19 կորոնավիրուսից առաջացած թոքային հիվանդությունը առաջին անգամ խլել է Եվրամիության մի երկրի քաղաքացու կյանքը: Խոսքը Իտալիայի 78-ամյա բնակչի մասին է, ուրբաթ օրը` փետրվարի 21-ին, հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, փոխանցում է The Telegraph-ը:
Նրա խոսքով` տղամարդը 10 օր բուժվել էր Վենետոյի շրջանի հիվանդանոցներից մեկում:
COVID-19 վարակի առնվազն 14 դեպք է հայտնաբերվել հարևան շրջանում` Լոմբարդիայում: Մարզի իշխանությունները կարգադրել են չեղյալ հայտարարել հանրային միջոցառումները և առնվազն մեկ շաբաթով դադարեցնել դպրոցների, մարզական կենտրոնների, բարերի և դիսկոտեկների գործունեությունը մի շարք քաղաքներում:
Իտալիայի վարչապետ Զուզեպպե Կոնտեն վստահեցրել է, որ իշխանությունները նախապատրաստվել են բռնկմանը և «խիստ նախազգուշական միջոցներ» կձեռնարկեն: Իտալացիները «անհանգստանալու կարիք չունեն»,- շեշտել է քաղաքական գործիչը: